Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Բոլոր հավկիթները` նույն զամբյուղում

Բոլոր հավկիթները` նույն զամբյուղում
19.02.2019 | 01:28

Երբ Ռասպուտինի վրա կրակեցին, Ռոմանովների ընտանիքը մոդելավորող «չար հանճարը» վեր կացավ միանգամից, ու շատերին թվաց` նա չմեռնողների դասից է: Ավա՜ղ... պարզապես Ռասպուտինից վեր` իրեն հսկող ուժերը դեռ չէին «տալիս» նրան, ու ֆիզիկականը հաղթահարելով, Ռասպուտինը էլի մի քիչ «կենդանության» նշաններ ցույց տվեց… բայց քանի որ ասված է` «հող էիր, հող կդառնաս», կնքեց իր մահկանացուն:


Առակս զի՞նչ ցուցանէ: Քանի որ մեր թավշյա հեղափոխությունն ամենևին էլ ֆիզիկական պլանի գործողություն չէր, նույնը կատարվում է նաև հեղափոխության հետ, մանավանդ ծրագրի խորհրդարանական ներկայացումից հետո: Իրական նշագրումն այն է, որ հեղափոխությունն այլևս անելիք չունի, այն ռեգրեսի մեջ է, սակայն իներցիան նրան դեռ պահում է: Անելիք չկա: Ավելին` բացարձակապես չի գիտակցվում ապագա քայլերի կասկադը: Սա մտնու՞մ է հեղափոխությունը հղացած մոդերատորների պլանների մեջ: Թե՞ օբյեկտիվ իրականության արտացոլումն է:
Երկուսն էլ: Ակնհայտ է` հեղափոխոթյան, նրա լիդերի, թիմի ռեյտինգը անկում է գրանցում երկրաչափական պրոգրեսիայով: Ինչը վտանգավոր է ոչ միայն բուն երկրի, այլև իրական մոդերատորների և խաղացողների համար: Ակնհայտ է նաև` փորձ է արվում «հեղափոխականին» ամեն կերպ պահել իր «գահին», որպեսզի վերջինս աննկատ ու անսպասելի ֆորս-մաժորի չտանի ինքն իրեն (չարագացնի իր հեռացումը «գահից»), քանի դեռ չի ավարտել իր գործը, քանի դեռ երկրորդ էշելոնում վերադասավորվողները լիարժեք չեն ավարտվել:


ՈՒստի պետք է ձգել պաուզան:
Նկատելի է` դադարը ձգվում է բոլոր ուղղություններով ու առաջին հերթին Ղարաբաղյան խնդրի. այնտեղ բավականին «ինքնատիպ» կանգ է. պաշտոնական հանդիպում Մյունխենյան անվտանգության ֆորումում Մնացականյանի և Մամեդյարովի միջև տեղի չունեցավ, իսկ հայտարարվել էր: Չմոռանանք, որ դրանից առաջ նրանք չորս ժամ խոսել-բանակցել էին, և տեղեկություն կար, որ հաջորդ հանդիպումը տեղի է ունենալու փետրվարին:
Չկա նման հանդիպում: Կա Սիրիա ուղարկված հայկական զորախումբ, որը հայաստանյան իշխանությունները համառորեն համարում են հումանիտար առաքելություն: Իսկ այդ առաքելությունն ուղարկվել է Ռուսաստանի «հորդորով», ինչը հայաստանյան իշխանությունները նույնպես չեն «ընդունում»: Ինչևէ:


Հանրագումարենք. Ղարաբաղյան խնդրում շտապում էր Արևմուտքը, նույն իրենք` պարոն Բոլթոնը, ֆրաու Մերկելը։ Նիկոլին համարելով մեկը` վճռական, մյուսը` խիզախ: Փորձելով կազմակերպել ոչ միայն վերելակային, դեմ առ դեմ` «պատահական», ոչ ֆորմալ հանդիպումներ, այլև խիստ պաշտոնական։ Ավելին, ասվում էր` կամ Գերմանիայում, կամ ԱՄՆ-ում կլինի Փաշինյան-Ալիև պաշտոնական հանդիպում: Նիկոլը նրանց ասաց` դա ձեզ թվում է, մենք ճիշտ է, հեղափոխական սեմինարներ ենք անցկացնում հայաստանյան գետնին վրա` ինչպես թավշացնել և հեղափոխություն իրականացնել ընդդեմ մայր-Ռուսաստան և ընդդեմ հայր-Պուտին, սակայն այս պահին, իմ իշխանությունը պահելու համար, ես կանգնած եմ Ռուսաստանի ու Պուտինի կողքին:
Պատրա՞ստ է` Սոչիում Լուկաշենկոյի հետ դահուկներով սահող, հոկեյ խաղացող Պուտինը իր կողքին տեղ տալու Նիկոլին, փոքր-ինչ վիճարկելի է, մանավանդ, երբ Նիկոլը և իր թիմը ակնհայտորեն և ամեն օր ապացուցում են երկիր ղեկավարելու իրենց անկարողությունն ու անլրջությունը:


Կարծում ենք` Ռուսաստանը (ԱՄՆ-ի մասին` այլ անգամ) նույնպես ձգում է պաուզան. ճիշտ է, այս պահին Ռուսաստանին բավարարում է Հայաստանում և «մերձակայքում» առկա ստատուս-քվոն, սակայն Ռուսաստանը նաև «չի քնում»` ապագա խաղացողներ և փոխարինողներ է պատրաստում, երբեք բոլոր հավկիթները նույն զամբյուղում չդնելով խաղալով Հայաստանում առկա քաղաքական երևացող և չերևացող ուժերի հետ:

Ի դեպ, այդ ուժերը ևս բավականին լայն նախապատրաստությունների մեջ են, նրանք ևս հասկանում են, որ նման «տեմպերով» Նիկոլը երկար չի ձգի, և մի օր բոլորով կկանգնեն փաստի առաջ, երբ կպարզվի, որ հիմնովին փլուզվել է հեղափոխության բուրգը` իր բոլոր բաղադրիչներով հանդերձ։ Իսկ դաշտը դատարկ թողնել անթույլատրելի է:
ՈՒստի իրենք ևս դանդաղ շտապում են` կարգի բերելով իրենց բոլոր «զամբյուղները», ցանցերը, ունեցած համակարգերը` ստեղծելով նորերը:
Ընդ որում, այդ ուժերն առանձին-առանձին ռեալ շանսեր ունեն խաղն իրենցով անելու, քանզի ունեն փող, աշխարհաքաղաքական սատարում, հաշվելու կարողություն և մեծ փորձ` բոլոր ասպարեզներում:
ՈՒ այս դադարի ժամանակահատվածում նրանք իրականում պայքարում են ոչ թե Նիկոլի, այլ միմյանց դեմ:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 3257

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ